16/02/2011 13:30
ՀԱԿ. «Ադրբեջանի իշխանությունները կատարել են կոպիտ սխալներ»
Լեռնային Ղարաբաղի խնդրով հիմնական իրադարձություններն այսօր ընթանում են ոչ թե ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձևաչափում, այլ նրա շուրջ` ԵԽԽՎ-ում, ՄԱԿ-ում: Նման հայտարարությամբ այսօր ասուլիսի ժամանակ հանդես եկավ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Ըստ բանախոսի`Հայաստանի կողմից Ադրբեջանի դիվանագիտությանը համարժեք մոտեցում չի ցուցաբերվում:
«Ադրբեջանի իշխանությունները կատարել են կոպիտ սխալներ, ապացուցելով, որ բանակցային գործընթացն իրենց համար ոչ այն ինչ է, քան տարածքների «վերադարձ», և շարունակական ռազմատենչ հայտարարություններով շարունակում են ծանրացնել վիճակը: Այդ սխալներից չի օգտվում մեր դիվանագիտությունը», - ասաց նա` հավելելով, որ ներկա պահին ԱԳՆ-ն դարձել է կառավարության ամենաթույլ օղակը:
«Պետք է պարտադիր հիշեցվի, որ Ադրբեջանն է պարտադրել պատերազմը, պարտվելով` ինքն է խնդրել հրադադար ստորագրել, որ մոռացության է մատնվել 1995 թվականի փետրվարին ստորագրված Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիրը: Հայաստանը պետք է օգտագործի այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի պահպանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս փաստաթղթերի դրույթները և գնում է պատերազմի ճանապարհով: Էլ չեմ աում 1994 թվականի Բուդապեշտի և 1995 թվականի Պրահայի փաստաթղթերի մասին», - ասաց նա:
Ըստ բանախոսի` Ղարաբաղյան հիմնախնդրի վրա սկսել են ազդել նաև տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես` Թուրքիայի հավակնությունների մեծացումը:
«Այդպիսի ծանր իրավիճակում ավելի մեծ է պատերազմի վերսկսման հավանականությունը, քան որևէ առաջընթացի», - ասաց Դ.Շահնազարյանը: