16/02/2011 09:27
Թուրքիայի քրդերը բողոքի ցույցեր են անցկացրել. կան ձերբակալվածներ
Առնվազն 12 թուրքական քաղաքներում նախօրեին անցկացվել են բողոքի ակցիաներ` կապված ՔԱԿ (Քրդական աշխատավորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլա Օջալանի ձերբակալման 12-րդ տարվա հետ:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, տեղի են ունեցել ուժեղ բախումներ քրդերի և ոստիկանների միջև. ցուցարարները քարկոծել են ոստիկաններին և նրանց ուղղությամբ բռնկվող նյութերով շշեր նետել: Ի պատասխան` ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրանետներ: Հաղորդվում է շուրջ 30 ձերբակալվածների մասին:
Հիշեցնենք, որ Աբդուլա Օջալանը ձերբակալվել է 1999 թ.-ին Քենիայում, այնուհետև փոխանցվել Թուրքիային, որտեղ մահապատժի է դատապարտվել: Ավելի ուշ, միջազգային հանրության ճնշման ներքո, մահապատժի դատավճիռը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ: