17/02/2011 12:19
ԼՂՀ պատմության և ներկայի մասին քննարկում` Վաշինգտոնում
Ինչպես հաղորդում են Վաշինգտոնում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունից, այսօր` փետրվարի 17-ին, Ջորջ Մեյսոն համալսարանի Կոնֆլիկտների վերլուծության և կարգավորման ինստիտուտում (Institute for Conflict Analysis and Resolution, GMU) տեղի է ունենալու միջոցառում` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմությանը, Ադրբեջանի հետ հակամարտության առաջացման պատճառներին, բանակցային ներկա փուլին և վերջնական խաղաղության հաստատման հնարավորություններին:
Նշենք, որ նախօրեին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը` իր հովանավորության տակ գտնվող կազմակերպությունների հետ միասին, համառ ջանքեր է գործադրել այս միջոցառումը կասեցնելու համար` չխորշելով նաև հեղինակավոր Ինստիտուտի ղեկավարության վրա ճնշումներից: Թեև նրանց հաջողվել է միառժամանակ թյուրիմացություն ստեղծել, բայց Ներկայացուցչությունը Ինստիտուտի ղեկավարությանն է տրամադրել իր կարգավիճակի և գործունեության օրինականության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր, ինչից հետո խնդիրը հարթվել է:
Միջոցառմանը, որին ներկա են լինելու ինչպես Ջորջ Մեյսոն համալսարանի ուսանողներ, այնպես էլ դիվանագետներ տարբեր երկրներից, հանգամանալից ելույթ է ունենալու Վաշինգտոնում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Ավետիսյանը: