18/02/2011 14:15
Հայաստանում 1.5-2 անգամ գներն ավելի բարձր են, քան Եվրոպայում
Հայաստանում խորանում է աղքատությունը, մեծանում է սոցիալական բևեռացումը: Նման տեսակետ հայտնեց այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը:
«Անցած տարի պարենը թանկացել է 17.1 %-ով: Մեր բնակչության զգալի մասը միայն պարենային նվազագույն զամբյուղի ծախսն է կարողանում կատարել: Այս թանկացումների արդյունքում բնակչությունը 1/5-րդով ավելի վատ է ապրելու»,- ասաց Բ. Ասատրյանը:
Որպես համեմատություն Բ. Ասատրյանը ներկայացրեց Եվրոպայում պարենի գները, թե ոչ շատ լավ ապրող եվրոպացին ինչ գնով է ապրանք ձեռքբերում. «Պատկերը տխուր է: Բանջարեղեն, միրգ, միս և այլն Հայաստանում 1.5-2 անգամ գներն ավելի բարձր են, քան Գերմանիայում և եվրոպական որևիցե այլ երկրում: Խփում ենք բոլոր ռեկորդները, ընդ որում, մեր տեղական խնձորն այստեղ կրկին 1.5 անգամ ավելի թանկ է, քան` ներկրվածը: Հացահատիկը, շաքարավազը, բուսական յուղը մեզ մոտ 2 անգամ են թանկացել, Եվրոպայում` 1.5-3.5 %-ով, իսկ ջրի գինը Եվրոպայում կրկնակի ավելի էժան է»:
«Հայկական համակարգն այնպիսին է, որ ամենաթանկ գինն ենք վճարում ամեն ինչի համար: Թեկուզ հարևան Վրաստանում ամեն-ինչ շատ ավելի էժան է»,- նկատեց Բ. Ասատրյանը: