18/02/2011 14:31
«Վահրամ Պետրոսյանը թող գնա Ադրբեջանում ստեղծագործի»
«Վահրամ Պետրոսյան ինքնակոչ կոմպոզիտորը հայտարարում է, որ իր էության մեջ ադրբեջանական երաժշտություն է նստած, Սայաթ-Նովան ադրբեջանցի է, որ հայ աղջիկների էությունը պորտապարն է: Երևի իր մայրը տանը պորտապար է պարել, դրա համար է ասում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, որ հայ իրականության մեջ բացասական արձագանք գտած «պետրոսյանական» այս հայտարարություններն ադրբեջանական ողջ մամուլում մեծ տառերով են գրում:
Քաղաքագետը զարմացած է, որ թույլ է տրվում նման մարդիկ ստեղծագործեն Հայաստանում ու նման քարոզչություն իրականացնեն:
«Պատերազմը միայն զենքով իրար դեմ կրակել չի ներառում, այն ներառում է նաև մշակութային քարոզչությունը: Նման տգետների միջոցով փորձում են հայ հասարակության զգոնությունը թուլացնել, սա հարված է: Հասարակությունը պետք է ավելի զգոն վերաբերվի»,- ասաց Հ.Մելիք-Շահնազարյանը:
Նա հավելեց, որ եթե Պետրոսյանի էության մեջ ադրբեջանցի կա, «թող գնա Ադրբեջանում ստեղծագործի»:
Ասուլիսիսին ներկա տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանը նկատեց, որ Ադրբեջանական լոբբինգն իրականացնող մի քանի խումբ կա` գումար ստացողներ և քարոզչություն իրականացնողներ, և «տգետների խումբ, որի մեջ մտնում է և Վահրամ Պետրոսյանը»:
«Արևելյան մշակույթ կա, բայց մեզ հասել է արևելյան թափթփուկ մշակույթի մասը: Այժմ, կարծես, ավելի շատ ավտոմատ մեխանիզմ է ստեղծվել ապամշակույթը զարգացնելու համար: Ապամշակութային երևույթներն ավելի են զարգանում, քան ազգային երաժշտությունը»,- ասաց Վ.Միրաքյանը:
Վահրամ Պետրոսյանի չմոնտաժված ասուլիսը դիտեք այստեղ: