19/02/2011 12:46
Փետրվարի 20-ին Արցախի վերածննդի օրն է
Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշում է Արցախի վերածննդի օրը:
Հանրապետության իշխանությունների և անձամբ իր անունից շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Ինչպես հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանի ուղերձում ասված է.
«Փետրվարի 20-ը 23 տարի առաջ արցախցիների կյանքում նշանավորվեց որպես համազգային միասնության ու ազատատենչ ոգու վերածննդի սկիզբ և դարձավ հիրավի համաժողովրդական տոն: Այդ օրը մենք ի լուր աշխարհի հայտարարեցինք սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու, ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն կառուցելու մեր վճռականության մասին: Դա մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կոչ էր, խաղաղ, արդար և օրինական պահանջ` համահունչ միջազգային հիմնարար նորմերին ու սկզբունքներին:
Մեր անցած ուղին ծանր էր ու դժվարին: Արցախը հայտնվեց մեզ պարտադրված պատերազմի բովում, որը դարձավ բազում ավերածությունների ու զոհերի պատճառ: Հանուն մեր ազգային-ազատագրական պայքարի իրենց կյանքը նվիրաբերեցին հայ ժողովրդի լավագույն զավակները: Հավե~րժ փառք ու պատիվ նրանց:
Այսօր Արցախում կայուն հիմք է ստեղծված հաստատուն քայլերով առաջ ընթանալու համար: Մեր նպատակը տնտեսության հետևողական զարգացումն է, պաշտպանունակության շարունակական ամրապնդումը, մարդկանց կենսապայմանների բարելավումը, ժամանակակից ու բարգավաճող պետության կառուցումը: Մենք ի զորու ենք լուծել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրները` միշտ վառ պահելով 1988-ի ոգին:
Թանկագին արցախցիներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ` ձեր բոլոր ձեռնարկումներում»: