22/02/2011 11:59
Վարդան Այվազյան. 2011-ին «լուրջ աճ» կունենանք
Մշակվում է նոր հարկային օրենսդրություն, բոլոր օրենքները մեկտեղվում են, իսկ հարկային բարեփոխումներին ուղղված օրենսդրական նախաձեռնությունները շուրջ 3 տասնյակի են հասնում: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, բարեփոխումները միտված են հարկային վարչարարության պարզեցմանը, հարկային տեսուչ-բիզնես հարաբերությունները նվազագույնի հասցնելուն, թույլտվությունների բարդ մեխանիզմների կառավարման հեշտացմանը:
«2010-2011 թթ. օրենսդրական փաթեթի մեջ բիզնես բեռը զուտ ֆիսկալ առումով չի ավելացել»,- հավաստեց Վ. Այվազյանը` հավելելով, թե այլ խնդիր է, որ տնտեսական ճգնաժամի ընթացքում աճը կանխատեսվածից թեև ավելի էր, բայց բավարար չէր բարձր գնաճի պայմաններում, որը չեզոքացրեց տնտեսական աճի դրական միտումները:
Վ. Այվազյանի կանխատեսումներով` 2011 թ-ին «լուրջ աճ» կունենանք, քանի որ շրջանառության մեջ կմտնեն նախորդ երկու տարիներին ներգրավված միջոցները:
Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանի կարծիքով` երկրում հարկային բարեփոխումներն ունեն երկու նպատակ` ներկա իրավիճակում ավելի կատարելագործված ձևով հարկեր հավաքել և ստեղծել բարենպաստ միջավայր, որ բինզնեսն ավելի զարգանա: Ըստ նրա` տարիներ շարունակ իրականացվող բարեփոխումները մեծ ծավալ ունեն, և շատ ժամանակ գործարարները չեն կարողանում հասցնել հետևել դրանց: Գ.Մակարյանը կոչ արեց համապատասխան մարմիններին` լինել ավելի ուշադիր:
Անդրադառնալով լիցենզավորման խնդրին` Գ. Մակարյանը նշեց, որ ժամկետների խախտումը առաջ է բերում կոռուպցիոն ռիսկեր: Նա շատ դրական գնահատեց կառավարության կողմից մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկություններում ստուգումների կասեցումը: