22/02/2011 12:40
Քննարկվում են Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերը
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳՄ) նախագահության համատեղ նիստում այժմ քննարկվում են արդյունաբերական քաղաքականությանը, գործարար ու ներդրումային միջավայրի բարելավմանը և տնտեսության զարգացմանն առնչվող ծրագրերը:
Ողջունելով ներկաներին` ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ պետք է փորձեն խթանել տնտեսության ռազմավարական զարգացումը, նաև պարզեցնել պրակտիկ վարչարարության խնդիրները` ապահովելու իրական աճ այն ոլորտներում, որոնք արտահանման միտում ունեն:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաթյանը տեղեկացրեց, որ կոլեգիայի համատեղ նիստեր նախարարությունը նախատեսում է անցկացնել նաև ԱԱՊ նախագահության և ԶՀԳ ղեկավարության հետ: Տ. Դավթյանը տեղեկացրեց, որ նախարարության կոլեգիայի նորացված կազմում ընդգրկվել են նաև Արսեն Ղազարյանը, Մարտին Սարգսյանը և Ռոբերտ Հարությունյանը. «Մենք աշխատելու ենք միասին, ճշգրտելու ենք գոծարար աշխարհի հետ մեր ծրագրերը»:
Տ. Դավթյանը նշեց, որ արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականության, ներդրումային և գործարար մթնոլորտի բարելավման ուղղությամբ կառավարությունը բավականին լուրջ քայլեր է կատարում և տրամադրված է ավելի ակտիվացնել գործունեությունը. «Պետք է ունենանք տեսանելի արդյունքներ այս տարվա ընթացքում»: