22/02/2011 13:34
Արձանագրությունները վտանգում են Ղարաբաղյան կարգավորման ընթացքը
Թուրքական իշխանությունների կողմից ապրիլի 24-ի միջոցառումներին թուրք հանրության ներգրավման քաղաքականությունն Անկարայի ևս մի փորձ է` կանխել Հայաստանի ստորագրության հետ վերցնելն Արձանագրություններից: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը:
Ըստ բանախոսի` նման գործելաոճով Թուրքիան փորձում է նաև կանխել Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ կոնգրեսի կողմից:
«Նման փորձերով Անկարան փորձում է ցույց տալ, թե հավատարիմ է ստորագրված Արձանագրություններին», - նշեց Կ.Մանոյանը:
Բանախոսի կարծիքով` նման պայմաններում Հայաստանը պետք է անհապաղ հետ կանչի իր ստորագրությունը Արձանագրություններից:
Ըստ բանախոսի` մինչև Թուրիքիան չճանաչի Հայոց Ցեղասպանությունը, հայ-թուրքական բնականոն հարաբերությունների հաստատման մասին խոսելն անիմաստ է դառնում:
Կ.Մանոյանը նաև մտահոգություն հայտնեց, որ մինչև ստորագրության հետ կանչելը Արձանագրությունների գոյությունը վտանգում է նաև Ղարաբաղյան կարգավորման բնականոն ընթացքը, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները միջազգային հանրության կողմից պարբերաբար շարունակում են կապվել ղարաբաղյան հիմնախնդրի հետ: