22/02/2011 13:56
Կիրո Մանոյան. Փորձ է արվում կանխել պատերազմի վերսկսումը
Ղարաբաղյան բանակցային գործընթացում նկատվող վերջին ակտիվությամբ փորձ է արվում կանխել պատերազմի վերսկսումը: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը:
«Պատերազմի հավանականությունը փոքր է, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն և սադրանքները` չի բացառվում, որ այն կարող է հանկարծակի բռնկվել», - ասաց նա:
Ըստ Կ.Մանոյանի` միջազգային համայնքը ժամանակի ընթացքում փորձ չի արել կանխել ուժերի հավասարության փոփոխման Բաքվի փորձերը, ինչը և հնարավորություն է տվել Ադրբեջանին` նման գործելաոճով հանդես գալ:
Բանախոսի կարծիքով` ՀՀ նախագահի այցը Ռուսաստան և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան միտված են պատերազմի կանխարգելմանը:
«Հստակ է, որ հիմնախնդրի լուծումը դեռ շատ շուտ է, քանի որ, ըստ Ադրբեջանի` ազգերի ինքնորոշումը կարող է իրականացվել միայն իրենց սահմանների պահպանմամբ է, թերևս իրականում ազգերի ինքնորոշումը նախատեսվում է սահմաններից դուրս գալը»,- պարզաբանեց բանախոսը:
Ըստ Կ.Մանոյանի` այսօր արդեն միջնորդները չեն խոսում նորացված Մադրիդյան սկզբունքների մասին, ինչի մասին խոսում է միայն Ադրբեջանը:
«Իրականությունն այն է, որ Աստանայի գագաթնաժողովից հետո այլևս դրա մասին խոսք չկա: Կողմերը պետք է խոսեն մեկ փաստաթղթի շուրջ», - ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:
Նրա կարծիքով` հայկական կողմը պետք է կոշտացնի իր դիրքորոշումն ու հստակեցնի, որ բանակցություններն առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության չեն կարող այլևս շարունակվել:
«Անհրաժեշտ են նաև նախաձեռնություններ` Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ: Դա բանակցություններին չի հակասում, քանի որ երեք սկզբունքներից մեկը ժողովորդի կամքի ատահայությունն է, որը եղել է: Ճանաչումը կարող է նոր ուժ տալ և նոր արդյունքների հասցնել», - ասաց Կ.Մանոյանը:
Խոսելով «կանխարգելիչ» պատերազմի բռնկման հնարավորության մասին` բանախոսն ասաց, թե որևէ պատերազմի բռնկման դեպքում ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ հետևանք կունենա այն և ինչ զարգացում:
«Բավական փոխվել է իրավիճակը, 90-ականները չեն: Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ռազմա-քաղաքական պայմանագրեր` դրա համար պետք է ամեն ինչ արվի պատերազմի կանխարգելման ուղղությամբ: Հիմնախնդրի միակ լուծումը միջազգային հանրության կողմից դիրքորոշման հստակեցումն է», - նշեց Կիրո Մանոյանը: