22/02/2011 17:20
«Լեզուն սոսկ հաղորդակցության համար չէ, այն նաև մտածողություն է»
Այսօր «Դորլինգ Քինդերսլի» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» շարքի 10 գրքերի շնորհանդեսի ժամանակ ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ փոքրիկների հոգին նման է սպիտակ թղթի, իսկ այդպիսի գրքերը մանուկներին դնում են լավ ուղու վրա` սովորեցնելով ճիշտ բառեր գործածել:
Ռալֆ Յիրիկյանը նաև շեշտեց, որ իրենք միշտ պատրաստ են օգնել և աջակցել նման գործերին` ի նպաստ հայրենիքի զարգացման:
«Վէմ» հրատարակչության ղեկավար տեր Մեսրոպ քահանա Արամյանն իր հերթին նշեց, որ պետք է հոգ տանենք լեզվի նկատմամբ, քանի որ խոսքի միջոցով փոխանցում ենք ողջ հոգևոր ժառանգությունը:
«Պետք է հասկանանք, որ առանց մեր լեզվի պահպանման չենք կարող խոսել մեր ազգի շարունակականության մասին: Լեզուն է այն կարևոր հիմքը, որի վրա կառուցված է ազգի գոյությունը»,- ընդգծեց տեր Մեսրոպ քահանա Արամյանը և հավելեց, որ լեզուն սոսկ հաղորդակցության համար չէ, այն նաև մտածողություն է: