23/02/2011 10:30
Վրաստանը կստուգի Աբխազիայում ամերիկյան ներդրումների մասին լուրը
Վրացական կողմը չի տիրապետում տեղեկատվության, թե ամերիկյան ներդրումների շնորհիվ Աբխազիայում հինգաստղանի հյուրանոց կկառուցվի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
Այսպես է նա լրատվամիջոցներին մեկնաբանել տեղեկատվությունը, թե «Կալիֆոռնիա դեվելոփմենթ քոմփանի» ընկերության սեփականատեր Բրյուս Թալին պատրաստվում է Աբխազիայում ներդրումներ կատարել:
Կալանդաձեի խոսքով` այդ տեղեկատվությունը ստուգման կարիք ունի: Գազետա.ռու կայքի փոխանցմամբ, փոխարտգործնախարարը նշել է, որ «վրացական քաղաքականության մասն է կազմում օկուպացված տարածքների տնտեսական զարգացումը, քանի որ այդ տարածքները Վրաստանի անբաժանելի մասն են, և երկրի հետաքրքրությունը դրանց զարգացման գործում մեծ է»:
«Բայց դա կանոն է, և օկուպացված տարածքների մասին վրացական օրենսդրությամբ` ցանկացած ներդրում այդ տարածքներում պետք է դա հաշվի առնի»,- հավելել է Նինո Կալանդաձեն: