23/02/2011 17:49
Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Իոնել Հայդուկի հետ
Փետրվարի 23-ին Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Իոնել Հայդուկի հետ: Զրույցին մասնակցում էր նաև Ակադեմիայի փոխնախագահ Մարիուս Սալան:
ՀՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ծավալված մտքերի փոխանակման ընթացքում խոսվեց գիտության բնագավառում համագործակցություն հաստատելու և նախկին գիտական կապերը վերականգնելու մասին: Այդ կապակցությամբ ԳԱ նախագահ Իոնել Հայդուկը հիշեցրեց, որ դեռևս 1998թ. հուլիսին Երևանում երկու ակադեմիաների միջև ստորագրվել է Հուշագիր, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքներ տանել մի շարք բնագավառներում, մասնավորապես ֆիզիկա-մաթեմատիկական, տեխնիկական, քիմիա-կենսաբանական և հումանիտար ճյուղերում համատեղ գիտական ուսումնասիրություններ կատարելու, ինչպես նաև համակարգչային ցանցային ենթակառուցվածքների ստեղծման միջոցով գիտական տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ:
Ռումինական ԳԱ ղեկավարները, գոհունակությամբ նշելով 2008 թ.Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված միջոցառման անցկացումը ռումինական ակադեմիայում, որն իրականացվել էր Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ, պատրաստակամություն հայտնեցին վերականգնելու Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ կապերը:
Անդրադառնալով հայ-ռումինական պատմական դարավոր կապերին և գիտական մեծ հետաքրքրություններ կայացնող կուտակված հարուստ նյութին` քննարկվեց նաև մշակութային այդ համատեղ հարուստ ժառանգությունը վերարժևորելու և գիտական ու հասարակական լայն շրջանակներին ներկայացնելու հնարավորությունը: