23/02/2011 10:36
Բակո Սահակյանը շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ` մաղթելով Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին քաջառողջություն, երջանկություն, խաղաղ ու բարեկեցիկ կյանք:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` Բակո Սահակյանի ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Թանկագին գեներալներ, սպաներ, զինվորներ,
Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Փետրվարի 23-ը Արցախում նշվում է որպես համաժողովրդական տոն, քանի որ մեր ողջ ժողովուրդը մեկ մարդու պես զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանության գործին, հերոսաբար դիմագրավել թշնամու ոտնձգություններին և իր զավակների արյան գնով նվաճել սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ:
Այսօր բանակը հանդիսանում է Արցախի անկախության ու անվտանգության հիմնական երաշխավորը և մեր ժողովրդի հպարտությունը: Բարձր մարտական ոգու և պատրաստվածության շնորհիվ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը կարևոր դեր են կատարում նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում: Այդ իսկ պատճառով պետք է ամեն ինչ անենք մեր երկրի պաշտպանունակության շարունակական ամրապնդման, բանակի մարտունակության բարձրացման, ժամանակի պահանջներին համապատասխան տեխնիկական հագեցվածության ապահովման, հայրենիքի զինվորի ոգին միշտ բարձր պահելու ուղղությամբ: Բանակի հիմնախնդիրները այսուհետ էլ կլինեն իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին փառապանծ տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն, երջանկություն, խաղաղ ու բարեկեցիկ կյանք»: