24/02/2011 14:48
Սումգայիթ, փետրվար 28. «Բոլոր հայերին պետք է սպանենք»
Սումգայիթյան ցեղասպանության ականատես Կարինե Մելքոնյանի հուշերում 1988 թվականի փետրվարի 28-ը մնացել է որպես ամենադաժան կիրակի:
«Մեր ցավը մեծ է, վերքերն անբուժելի: Մենք չենք կարող հերքել այն, ինչ տեսել ենք, այո, մենք ականատեսներ ենք: Երեք օր շարունակ սպանել են հայերին, մեկ օրվա մեջ երեք անգամ եկել են մեր տուն, ու գոռում էին. «Բոլոր հայերին պետք է սպանենք»»,- արտասվելով` լրագրողների հետ խոսեց տիկին Մելքոնյանը:
Կ. Մելքոնյանը պատմեց` որոշել էին մեքենաներով փախչել, սակայն բանը դրան էլ չհասավ: Շուտով լուր է ստացվում, թե քաղաքը շրջափակված է, և տանն ավելի անվտանգ կլինի: Սակայն այդ լուրն էլ ադրբեջանական հերթական կեղծիքի շարքից էր. «Մեր տուն եկավ ադրբեջանական մի խումբ, գումար, ոսկի պահանջեցին, տվեցինք, հաջորդ խումբը եկավ նույն պահանջով, ոստիկանություն զանգեցինք, սակայն վերջիններս չեկան»:
Կարինե Մելքոնյանի խոսքով` իրենց շենքի բակում մեծ խումբ էր հավաքված, և հենց այդ խմբի ձեռքով է սպանվել իրենց ողջ ընտանիքը. «Ոչ ոքի չեն խնայել միայն նրա համար, որ մենք հայեր ենք: Մենք հրաշքով կենդանի մնացինք, իսկ բակում բարձրախոսներով գոչում էին` «մահ հայերին, մահ քրիստոնյաներին, վերջացնենք հայերից, անցնենք ռուսներին»: Սումգայիթը նախապես ծրագրված էր, նրանք նախապես գիտեին` ուր գնային, ինչպես սպանեին: Ոստիկանությունն այդ ամենը տեսավ, բայց չցանկացավ օգնել մեզ: Նրանք երեք օր շարունակ տեսնում էին, թե ինչպես են սպանում հայերին, սակայն ոչինչ չձեռնարկեցին»:
Սումգայիթյան ցեղասպանության ականատեսը մինչև հիմա հարց է տալիս, թե ո՞ւմ մտքով կանցներ 18 տարեկան աղջկան բռնաբարել, իսկ մյուս աղջկան, որ հղի էր, մերկ վազեցնել ողջ քաղաքով, ապա բենզինով այրել.
«Այդ ամենն անում էին անգամ դեռահասները, և այժմ դա իրականացնողները 30-35 տարեկան մարդիկ են, ովքեր նույն ոգով են դաստիարակում իրենց երեխաներին», - պատմեց Կ.Մելքոնյանը:
Իրինա Մելքոնյանի համար չափազանց ծանր է անգամ 23 տարի անց խոսել իր տեսածների մասին: Հորդացող արցունքներով նա միայն ասաց. «Մեր ընտանիքի 5 անդամներին սպանեցին, մենք պատշգամբով անցանք հարևան ադրբեջանցու տուն, բայց այնտեղից էլ մեզ դուրս հանեցին: Ոչ ոք մեզ չէր ընդունում, ոչ մի հարևան, ոչ ոք չէր ուզում օգնել հայ հարևանին»: Նա նշեց, որ միայն մի լեզգի հարևան նրանց օգնության ձեռք մեկնեց և փրկեց` թաքցնելով լոգարանում: