25/02/2011 12:39
Հ.Բաբուխանյան. Պետք է փոխել տնտեսական քաղաքականությունը
Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում տնտեսական հարցերը բարձիթողի են մնում: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
«Եթե իշխանությունները չփոխեն տնտեսական քաղաքականությունը, երկրին շատ մեծ հարված կհասցվի», -ասաց բանախոսը:
Ըստ նրա` անհասկանալի է կառավարության այն մոտեցումը, երբ պետբյուջեն համալրվում է ոչ թե նոր գործարաններ, արտադրություններ բացելով, արտահանման աճով, այլ այս կամ այն խավից հարկերի տեսակների քանակն ու չափերը մեծացնելով:
«Հայաստանում իշխում է այն մտածելակերպը, թե իշխանությունները ժողովրդին դիտում են որպես հարկման օբյեկտ` հանդուրժելով մոնոպոլիաներ և կոռուպցիաներ», - նշեց Հ.Բաբուխանյանը` կարծիք հայտնելով, թե հարկերի մեծ մասը նույնիսկ չի հասնում պետբյուջե:
Ըստ բանախոսի, պետք է խստորեն` դատական կարգով, պատժվեն բոլոր այն նախկին պաշտոնյաները, որոնք մեղադրվում էին կոռուպցիայի կամ դրամաշորթության մեջ: