25/02/2011 16:50
Հայաստանը կմասնակցի «Gulffood» ամենամյա խոշոր ցուցահանդեսին
Փետրվարի 27-ից մարտի 2-ը Արաբական միացյալ էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի կունենա «Gulffood» Պարսից ծոցի երկրների ամենամյա սննդարդյունաբերության խոշոր ցուցահանդես: Այս մասին տեղեկացնում է Զարգացման հայկական գործակալության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ վերոնշյալ ցուցահանդեսին Հայաստանը առաջին անգամ մասնակցում է միասնական տաղավարով:
Մասնակցում են հայկական 7 ընկերություններ հետևյալ ոլորտներում` թթվածնով հարստացված աղբյուրի ջրի արտադրություն, մրգերի և պահածոների արտադրություն, սև սուրճի վերամշակում, բնական հյութերի արտադրություն, տարաների և շշերի արտադրություն, տարաների և շշերի կափարիչների արտադրություն:
«GulfFood» ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի ուսումնասիրելու պարսից ծոցի երկրների շուկայի ներկայիս պահանջարկը, ներկայացնելու սեփական արտադրանքը, ընդլայնելու արտադրությունը և մեծացնելու արտահանման ծավալները: