25/02/2011 11:31
Մոսլեխի. Թեհրանում ԱՄՆ լրտես է ձերբակալվել
Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ձերբակալվել է Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ Հետախուզական Կենտրոնական վարչության հանձնարարության իրականացման մեջ մեղադրվող «գործակալ»: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, երեկ այդ մասին հայտարարել է ԻԻՀ հատուկ ծառայությունների ղեկավար Հեյդար Մոսլեխին:
Նա չի հայտնել ձերբակալվածի անունը, բայց նշել է, որ անձի խնդիրն էր եղել Իրանում անկարգությունների մասին տեղեկատվության հավաքումն ու փոխանցումը ԱՄՆ-ին: Լրտեսը ձերբակալվել է փետրվարի 14-ին, երբ ընդդիմությունը Թեհրանում հերթական բողոքի ցույցն էր անցկացնում:
Ըստ Մոսլեխիի` նույն օրը ձերբակալվել է նաև մի ծայրահեղական, ով կրակ էր բացել ոստիկանների և անցորդների ուղղությամբ: Նա արտասահմանում գործող ահաբեկչական «Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպության» անդամ է: Ահաբեկչությունից հետո հանցագործը պետք է մեկներ Իրանից, բայց ձերբակալվել է պատկան մարմինների կողմից: Նախարարի խոսքով` ցուցմունք տալու ժամանակ ահաբեկիչը «արժեքավոր տեղեկություններ է հաղորդել»: