25/02/2011 10:47
Բաղդադում կանցկացվի «միլիոնների քայլարշավ»
Այսօր Իրաքի մայրաքաղաքում նախատեսված է անցկացնել «միլիոնների քայլարշավ»: Ակցիայի հետ կապված Իրաքի ժողովրդին է դիմել երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքին: Հինգշաբթի օրը հեռուստաուղերձում նա կոչ է արել Իրաքի ժողովրդին հրաժարվել ուրբաթ օրը նախատեսված «Զայրույթի օրվան» մասնակցելուց, հաղորդում է Վեստի. ռու-ն` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ալ-Մալիքին նախազգուշացրել է «կասկածելի նպատակների» մասին, որոնք հետապնդում են բողոքի զանգվածային ակցիայի կազմակերպիչները, ինչպես Բաղդադում, այնպես էլ Իրաքի մյուս քաղաքներում: Նա չի բացառել, որ «այդ ուժերը կարող են կապված լինել նախկին նախագահ Սադդամ Հուսեինի կողմնակիցների հետ»:
Կառավարության ղեկավարը մատնացույց է արել իր հակառակորդների վտանգավոր մտահղացումները և հասկացնել է տվել, որ «խաղաղ ցույցը շատ արագ կարող է վերաճել անկարգությունների»: Նրա խոսքերով` գոյություն ունի «դավադրություն, որը նպատակ ունի բռնություն և պառակտչություն սերմանել` օգտագործելով բնակչության դժգոհոթյունը սոցիալ-տնտեսական իրավիճակից: