26/02/2011 09:32
Միջազգային հանրությունը կպատժի Կադաֆիի ռեժիմին
ԱՄՆ-ն հայտարարել է Լիբիայի հանդեպ միակողմ պատժամիջոցներ մտցնելու մասին և դադարեցնում է Տրիպոլիում իր դեսպանատան գործունեությունը: Բացի այդ, ըստ Բի-բի-սի-ի, ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել սատարել Մուամար Կադաֆիի ռեժիմի դեմ կիրառվող նախաձեռնություններին:
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է Լիբիայում ճգնաժամի վերացման նպատակով կոնկրետ գործողությունների անհրաժեշտության մասին: Նա նշել է, որ զոհերի թիվը գերազանցում է հազարը:
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ՄԱԿ Անվտանգության խորհուրդ են ներկայացրել բանաձևի նախագիծ, որտեղ լիբիական ուժային կառույցների գործողությունները անվանվում են «մարդկության դեմ իրագործված հանցագործություն»: Նրանք առաջարկում են էմբարգո կիրառել Լիբիա զենքի մատակարարման վրա և սառեցնել օտարերկրյա բանկերում լիբիական առաջնորդների ակտիվները` արգելելով նրանց մուտքը այլ երկրներ:
Լիբիայում իրադարձությունների շուրջ իր մտահոգությունն է հայտնել նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը` կոչ անելով լիբիական իշխանություններին դադարեցնել ուժի կիրառումը:
Ինչպես գրում է Daily Telegraph-ը, վկայակոչելով ԳԴՀ ԱԳՆ-ում իր աղբյուրներին, ԵՄ անդամ-պետությունների դիվանագետները համաձայնեցրել են Մուամար Կադաֆիի ռեժիմի դեմ իրականացվելիք միջոցները: Այդ միջոցներից են Լիբիայի ղեկավարների` ԵՄ մուտք գործելու արգելքը, զենքի և զինամթերքի էմբարգոն և բանկային հաշիվների սառեցումը: