28/02/2011 14:17
Սումգայիթյան ջարդեր. ոչ միայն ցեղասպանություն, նաև հայրենազրկում
Այսօր լրանում է Սումգայիթում հայ բնակչության նկատմամբ իրականացված ջարդերի 23-րդ տարելիցը: Ծիծեռնակաբերդի հուշահամլիրում` Սումգայիթյան նահատակների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, հավաքվել էին ադրբեջանահայերը` ոգեկոչելու անմեղ զոհերի հիշատակը:
Ծիծեռնակաբերդի բաձունքում էր նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ադրբեջանահայերը ոչ միայն այդ երկրի քաղաքացիներն էին, այլ նաև Ադրբեջան պետություն ստեղծող ազգի ներկայացուցիչները:
Նա նշեց, որ ադրբեջանահայերը պետք է հասնեն նյութական, գույքային, տարածքային փոխհատուցման, և մինչ հիմա ո՛չ Միջազգային քրեական դատարան, ո՛չ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ո՛չ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին փոխհատուցման հարցը չի հասցվել պատշաճ մակարդակով:
«Այդ մարդիկ զրկվել են իրենց բնօրրանում ապրելու իրավունքից»,- շեշտեց Լ. Ալավերդյանը և հավելեց, որ սումգայիթյան արյունալի իրադարձությունները պետք է ճանաչվեն ոչ միայն ցեղասպանություն, այլև` հայրենազրկում:
Լ.Ալավերդյանի գնահատմամբ` հայկական տեղեկատվական դաշտում բավականին աշխատանք է կատարվում, որը դեռ չի տեղափոխվել քաղաքական դաշտ:
«Քաղաքական գնահատականը պետք է տրվի: Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանում զոհվածներին որպես ցեղասպանության զոհեր»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:
«Զոհերը, տուժածները, զոհերի ընտանիքները պետք է ստանան ինչ-որ կարգավիճակ` որպես Ադրբեջանի կողմից կատարված ցեղասպանության զոհեր»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը և հավելեց, որ ադրբեջանահայերը պետք է ունենան սոցիալական կարգավիճակ, իրավական պաշտապանության հնարավորություն, և պետությունը պետք է ստեղծի մի խումբ, որը կօժանդակի միջազգային համապատասխան ատյաններում ադրբեջանահայերի հարցի բարձրացմանն ու լուծմանը: