28/02/2011 10:52
Գարեգին Բ-ն կբարձրացնի վիրահայոց թեմին հուզող հարցերը
«Աշխատանքներ են իրականացվում, և փորձում ենք վրաց ուղղափառ եկեցեղու և իշխանության, նաև միջազգային տարբեր կառույցների միջոցով հասնել այն ցանկալի արդյունքին, որ մեր եկեղեցիները պահպանվեն և վերադարձվեն վիրահայոց հոգևոր դասին»,- նախօրեին Մայր Աթոռում հյուրընկալված «Արարատ» երիտասարդական միության անդամների հետ հանդիպմանն ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառը հույս հայտնեց, որ ջանքերը հաջողությամբ կպսակվեն թե՛ վիրահայոց թեմի գրանցման, թե՛ որոշ եկեղեցիների վերադարձման հարցում:
Վիրահայոց թեմից պահանջ է ներկայացվել Վրաստանի իշխանություններին` հետ ստանալու վեց հայկական եկեղեցիներ, որպեսզի դրանք դառնան գործող և ծառայեն վիրահայոց թեմին:
Այժմ թեմը սպասում է պատասխանի, և դրական պատասխանին կարող է նպաստել նաև Գարեգին Բ կաթողիկոսի այցը Վրաստան:
«Այս տարի նախատեսում ենք մեր այցը Վրաստան, այդ առիթով նաև հանդիպում` վրաց եկեղեցու հոգևոր առաջնորդ Իլյա պատրիարքի հետ, ինչպես նաև, եթե հնարավոր լինի պետական, այրերի: Բնականաբար, այդ հանդիպումների ժամանակ պետք է բարձրացնենք նաև վիրահայոց թեմին հուզող հարցերը, այդ թվում եկեղեցիների վերադարձման հետ կապված»,- նշեց կաթողիկոսը: