28/02/2011 13:32
Մարտի 10-12-ը կկայանա «Էներգաարդյունավետություն էքսպո 2011»-ը
Մարտի 10-12-ը Երևանում Մոսկվայի տանը տեղի կունենա «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011» ցուցահանդեսը, որի կազմակերպիչն է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC)։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց IFC-ի Հայաստանում կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի ղեկավար Տիգրան Փարվանյանը, ցուցահանդեսին ներկա կլինեն տեղական շուկայի էներգաարդյունավետության ապրանքներ, սարքավորումներ արտադրողներ, ներկրողներ և սպառողներ:
«Ցուցահանդեսի նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել իրազեկությունը էներգաարդյունավետության տեխնոլոգիաների վերաբերյալ»,- ասաց Տ. Փարվանյանը:
Ըստ նրա` ցուցահանդեսին հրավիրված են նաև բիզնես ոլորտի ու ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները, որպեսզի գործարարները ծանոթանան սարքավորումներ արտադրող-վաճառող-ներկրողների հետ, և կողմերի միջև երկխոսություն ստեղծվի: Տ. Փարվանյանի խոսքով` ցուցահանդեսին զուգահեռ նախատեսվում են կլոր սեղաններ, քննարկումներ, շնորհանդեսներ:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն էներգաարդյունավետության արդի սարքավորումներն ու տեխնոլոգիաները, այդ թվում` ջերմամեկուսիչ նյութեր, ջեռուցման և օդափոխության սարքավորումներ, էներգախնայող լուսային համակարգեր, էներգառեսուրսների օգտագործման ավտոմատ համակարգեր և այլն:
Նշենք, որ կայուն էներգետիկայի ֆինանսավորումը Հայաստանի համար կարևորվում է, քանի որ մեր երկիրը ներկայումս ներկրում է իր էներգետիկ ռեսուրսների 2/3-ը, ՋԷԿ-երի հիմնական էներգաարտադրող սարքավորումները չեն համապատասխանում միջազգային տեխնիկական, տնտեսական և բնապահպանական կատարողական չափորոշիչներին, երկրի արդյունաբերության ոլորտը կարող է խնայել իր էներգետիկ ծախսերի 14.5 %-ը, ՎԷ ծրագրերի մշակողները երբեմն լավատեղյակ չեն նախագծման ժամանակակից հմտություններին և տեխնոլոգիաներին, որի արդյունքում ստացվում են ծախսերի ոչ ճիշտ հաշվարկներ, գետերի ջային պաշարների թերօգտագործում և խնդիրներ էլեկտրակայանների շահագործման ընթացքում: