28/02/2011 11:55
«Սումգայիթի դեպքերը շատ մանրամասն մշակված ծրագիր էին»
Սումգայիթյան ջարդերը մշակված էին ոչ միայն Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության, այլ նաև Թուրքիայի և Արևմուտքի հատուկ ծառայությունների կողմից` ԽՍՀՄ-ում իրավիճակն ապակայունացնելու և Ադրբեջանը Խորհրդային Միության կազմից դուրս բերելու նպատակով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Շուշի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Բակուր Կարապետյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը հատուկ ծրագրավորել էր ջարդերը, և այդ քայլերը հավանության էին արժանացել նաև Խորհրդային Ռուսաստանի իշխող էլիտայի որոշ ներկայացուցիչների մոտ: Ջարդերի նպատակը, Կարապետյանի կարծիքով` ոչ միայն հայկական տարրերից Ադրբեջանն ազատելն էր, այլ նաև Անդրկովկասում անկայությունություն հրահրելը: Նման եզրահանգման Բակուր Կարապետյանը հանգել է Սումգայիթում տեղի ուենցած ջարդերի վերաբերյալ վավերագրական ֆիլմի նկարահանման ժամանակ:
Բ.Կարապետյանը Սումգայիթում է գտնվել 8 օր` 1988 թվականի մարտի վերջերին: 54-րոպեանոց «Սումգայիթյան ալիքներ» ֆիլմում նրան հաջողվել է ներկայացնել ականատասների վկայությունները, ցուցադրել այն բնակարանները և վայրերը, որտեղ տեղի էին ունեցել հայերի ջարդերը:
Բակուր Կարապետյանն ընդգծեց, որ այն ժամանակվա, ինչպես նաև այսօրվա Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենան փորձում է մեղքը բարդել հայերի վրա` շինծու պատմվածքներ ներկայացնելով` մինչև Սումգայիթի ջարդերը, իբր, Կապանում տեղի ունեցած հայ-ադրբեջտանական բախումների մասին, սակայն վկայությունները և փաստերը ապացուցում են, որ իրականում «Սումգայիթի դեպքերը շատ մանրամասն մշակված ծրագիր էին»:
Վավերագրական այս ֆիլմը չէր ցուցադրվել Խորհրդային իշխանությունների կողմից: ԽՍՀՄ փլուզումից հետո կինոնկարը ցուցադրվել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում: Ֆիլմի որոշ հատվածներ, ըստ Բակուր Կարապետյանի, օգտագործվել են նաև այլ ֆիլմերում: