28/02/2011 08:56
Սումգայիթյան ջարդեր. անցել է 23 տարի
Ուղիղ 23 տարի առաջ` 1988 թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության բնաջնջում սկսվեց, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում` տասնյակ վիրավորներ և 53 սպանված, ընդ որում սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:
Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց պաշտպանելու հայ բնակչությանը: Ադրբեջանցի հրեշն արել էր իր սև գործը…
Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնություններ էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցավ ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման մեջ, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման։
Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման արդյունքում Ադրբնեջանի իշխանությունների կողմից շարունակվեց ուժեղ հակահայկական քարոզչությունը, ինչը հանգեցրեց 1990թ. հունվարի Բաքվի կոտորածների, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ: 1988-1990 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող հայերի զանգվածային ջարդերի արդյունքում վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ:
Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր իրականացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը:
Հիշեցնենք, որ 1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունվել է Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև, որում, մասնավորապես, ասվում է.
«Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի` Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80%-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923 թ.-ին այս մարզ` կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988 թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը,և նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, և դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»:
Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը կամ ափսոսանք հայտնել էթնիկակ զտումների համար: Հակառակը`Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես զոհ` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյամարտը ներկայցնելով որպես «ագրեսիա» ` կոպտորեն աղավաղելով փաստերը, իսկ հայերի հանդեպ ցեղասպանություն իրականացած ոճրագործները մինչ օրս անպատիժ են մնացել:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ փետրվարի 28-ին, ժամը 12.30-ին, հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակին հարող տարածքից կկազմակերպվի բողոքի երթ` դեպի ՄԱԿ-ի գրասենյակ:
Երիտասարդները 1988-1990թթ. հայերի դեմ կատարված կոտորածները դատապարտող հայտարարությունը կուղարկեն նաև ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանատներ: