28/02/2011 12:07
Բողոքի ցույց` Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության դիմաց
Փետրվարի 25-ին Վաշինգտոնի տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները Ադրբեջանի դեսպանության դիմաց անցկացրեցին բողոքի բազմամարդ ցույց՝ ի հիշատակ Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակի: Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը և բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թևերը, հավաքվել էին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև, զինված պաստառներով և կարգախոսներով, պահանջում էին դատապարտել Սումգայիթի ոճիրը:
Ցուցարարները վանկարկում էին, որ չկա վաղեմության ժամկետ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար, անհրաժեշտ է պատժել Սումգայիթի և դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի և այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպած և իրագործած անձանց, դադարեցնել հակահայ հիստերիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դադարեցնել Ադրբեջանի կոռումպացված և բռնապետական ռեժիմի սպառազինումը, հարգել ԼՂՀ ժողովրդի ազատ և անկախ ապրելու ընտրությունը: