28/02/2011 14:48
Բողոքի երթ` Սումգայիթյան ցեղասպանության օրվա կապակցությամբ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ քիչ առաջ տեղի ունեցավ բողոքի երթ` դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:
Սումգայիթյան ջարդերի օրվա կապակցությամբ ցույցին մասնակցում էին շուրջ 40 երիտասարդական կազմակերպություններ, այդ թվում` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ երիտասարդական կազմակերպությունները, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Միասին» շարժումը, ինչպես նաև մի շարք այլ ուսանողական և երիտասարդական միավորումներ:
Երթին մասնակից բազմաթիվ երիտասարդները Տերյան փողոցից «Հատուցում», «Ճանաչում», «Ամոթ» վանկարկումներով և նույն բովանդակությամբ պաստառներով հասան մինչև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ:
«Մենք` Հայաստանի երիտասարդներս, պահանջում ենք, որպեսզի միջազգային կազմակերպությունները, միջազգային հանրությունը դատապարտեն 1988-90 թթ. հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը և տան դրան քաղաքական գնահատական»,- ՄԱԿ-ի գրասենյակի բակում հայտարարեցին երթի մասնակիցները:
Երիտասարդները ներկայացել էին հայտարարությամբ, որը պետք է փոխանցվեր ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչներին: ՄԱԿ գրասենյակ հրավիրվեց կազմակերպիչներից Հայաստանի երիտասարդական հիմնդրամի նախագահ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը:
«Մեզ բոլորիս ոչ միայն բերել, այլ նաև միավորել է 1988-90 թթ Ադրեբջանում տեղի ունեցած ցեղասպանությունը: Հայտարարությունը հանձնեցինք ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ բարձրաձայնվում է տեղի ունեցած եղեռնը: Երիտասարդներս պետք է պահանջատեր լինենք: ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը խոստացավ, որ իրենց պաշտոնական խողովակներով մեր հայտարարությունը կուղղվի ԱՄՆ-ում գործող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ»,- դուրս գալով ՄԱԿ-ի գրասենյակից` ասաց Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը:
Հավելենք, որ երիտասարդները ոչ միայն ՄԱԿ-ի գրասենյակ, այլ նաև ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանատներին են հանձնել 1988-90 թթ. հայերի դեմ կատարված կոտորածները դատապարող հայտարարության պատճենները: