01/03/2011 13:08
Հ.Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանը կոծկում է իր ոճրագործությունը
Սումգայիթի ոճրագործությունն ու դրա վերաբերյալ ադրբեջանական քարոզչությունը տարվում է պետական մակարդակով: Նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, որ Սումգայիթի դեպքերի օրվանից առնավազն 2 օր առաջ ադրբեջանական կողմը Խոջալուի դեպքերն էր նշում ու դա անում է պետական մակարդակով. «Բոլոր թեզիսները նրանք վերցնում են իրենց գործողություններից, հայերի ջարդերի վերաբերյալ փաստերը ձևափոխում` ներկայացնելով իբրև Խոջալուի դեպքեր»,- ասաց նա և հավելեց, որ այդ կերպ իրենց կատարած ոճրագործությունը վերագրելում են ուրիշին:
Մելիք-Շահնազարյանի խոսքերով` ադրբեջանական կողմը համացանց է լցնում Խոջալուի մասին ցանկացած տեսակի տեղեկատվություն, որպեսզի կոծկի ոճրագործության մասին իրական տեղեկատվությունը:
«Հայկական կողմը պետք է ադրբեջանական քարոզչությանը համարժեք պատասխան տա: Պետք չէ ողբացողի դերում հանդես գալ, պետք է նախահարձակ լինել` աշխարհին իրական դեպքերը ցույց տալու համար: Հայկական կողմը պետք է միջազգային դատարան ներկայացնի Սումգայիթի ոճրագործության կազմակերպիչների անունները` պահանջելով համարժեք պատաասխան»,- ասաց նա և հավելեց, որ այդ մարդիկ Ադրբեջանում այժմ պաշտոններ են զբաղեցնում:
Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ ոճրագործները պետք է փոխհատուցում տան բոլոր տուժած ընտանիքներին: