01/03/2011 13:29
Գրականությունը նպաստում է Թուրքիայում Ցեղասպանության ճանաչմանը
Այսօր տեղի ունեցավ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի` «Հայոց Ցեղասպանության թեման ժամանակակից թուրքական գրականության մեջ» գրքի շնորհանդեսը:
Հեղինակը նշեց, որ առաջին անգամ է` 21-րդ դարի թուրքական գրականության մեջ ուսումնասիրվում Ցեղասպանության թեման:
«Ժողովրդի մեջ տիրող մթնորոլտն ազդում է նաև գրականության վրա, և թուրքական գրականության մեջ մերժողական քաղաքականություն էր նկատվում »,- ասաց Ռ. Մելքոնյանը:
Հեղինակը պատմեց, որ թուրքական գրականության մեջ առաջին անգամ 1956 թվականին է օգտագործվել «հայերի ջարդեր» բառեզրը:
2004-ից սկսած թուրքական գրականության մեջ, Ռ. Մելքոնյանի ներկայացմամբ, փոփոխություններ տեղի ունեցան, և սկսվեցին ներկայացվել Ցեղասպանությունը վերապրածների հուշերը:
«Այսօր արդեն թուրք գրականության մեջ հայոց թեմատիկայի դրդիչ ուժը հանդիսանում են Ցեղասպանության մեջ բռնի մահմեդականացված հայերի հուրշերը»,- ասաց թուրքագետը:
Ռուբեն Մելքոնյանի խոսքով` Ցեղասպանության վերաբերյալ հուշերը գեղարվեստական գրքերի միջոցով դառնում են հասարակության մասնիկը:
Գրքում ուսումնասիրված են 15 թուրք գրողների ստեղծագործություններ. «Իմ ուսումնասիրած բոլոր գրքերն ունեն փաստագրական հիմքեր, դրանք հավաստի աղբյուրի դեր են կատարում»:
Թուրքագետը նշեց, որ Ցեղասպանությանն ուղղակի ու անուղղակի անդրադարձող թուրքական գրականությունը նպաստում է Թուրքիայում Ցեղասպանության ճանաչմանը. «Թուրք ընթերցողներից մեկն ասել է, որ նոր-նոր է հասկանում ճշմարտությունը»:
Նշենք, որ «Հայոց Ցեղասպանության թեման ժամանակակից թուրքական գրականության մեջ» գիրքը հրատարակվել է 500 օրինակով` պետպատվերի շրջանակում, շուտով նախատեսվում է նաև անգլերեն տարբերակը: