01/03/2011 12:23
Բողոքի ցույց Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց
Փետրվարի 28-ին Հաագայում «Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները» կազմակերպել են ցույց` ոգեկոչելու Սումգայիթի հայության կոտորածի 23-րդ տարելիցը` արտահայտելով իրենց համերաշխությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, Նիդերլանդների կառավարության և միջազգային հանրության զորակցությունը հայցելով հակամարտության խաղաղ լուծման համար` հարգելով Ղարաբաղի ժողովրդի ինքորոշման իրավունքը:
Ցույցը սկսվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դիմացի հրապարակում, որից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի Հաագայում Ադրբեջանի դեսպանություն: Դեսպանության դիմաց կազմակերպված ցույցի ընթացքում ցուցարարները պահանջել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշման իրավունքի հարգում, ազատություն Լեռնային Ղարաբաղին, կանգնեցնել մարդկության դեմ ադրբեջանական հանցագործությունները, դադարեցնել ադրբեջանական ագրեսիան և այլն: Ցույցը լուսաբանվել է հոլանդական մամուլով:
«Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները», ի շարունակություն իրենց գործողությունների, նախատեսում են մարտի 1-ին համապատասխան պահանջագիր հանձնել Նիդերլանդների երկրորդ պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին: