01/03/2011 14:57
Ստատուս-քվոն կմնա անփոփոխ
«2011 թվականի մարտի սկզբին բանակցային գործընթացի մասով ունենք այն, ինչ ունեցել ենք 2010 թվականի մարտի սկզբին: Մարտի 5-ին Սոչիում սպասվող երեք նախագահների հանդիպումից առաջ մեր ակնկալիքներն ու սպասելիքները նույն են, ինչն ունեցել ենք ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովից առաջ: 2011 թվականին ստատուս-քվոյի փոփոխության որևէ հիմք չենք տեսնում: Չեմ կարծում, թե այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հնարավոր կլինի հիմնարար փաստաթուղթ ստորագրել: Հիմնարար փաստաթուղթ կարող է ստորագրվել միայն այն ժամանակ, երբ բանակցային գործընթացին կմասնակցի ղարաբաղյան կողմը»,- անդրադառնալով մարտի 5-ին սպասվող ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ Aysor.am-ին ասաց ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը:
Նրա խոսքերով` բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում ադրբեջանական կողմն անընդհատ դիվերսիոն գործողություններ է իրականացրել, հրադադարի ռեժիմը մշտապես նրանց կողմից խախտվել է, ինչն անշուշտ չի կարող բացասական ազդեցություն չունենալ խաղաղ բանակցային գործընթացի վրա:
Արցախցի պաշտոնյան նշեց, որ կարևոր հանդիպումներից, գագաթաժողովներից առաջ կամ հետո միշտ էլ Ադրբեջանը սադրանքների է դիմում, ինչին պաշտպանական բանակը համարժեք պատասխան է տալիս: