01/03/2011 12:00
Տեղական արտադրությունը` գնաճի դեմ պայքարի միջոց
«Գնաճի դեմ պայքարելու համար պետք է մեծացնենք տեղական արտադրության ծավալները»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքով, պետք է քայլեր ձեռնարկել գյուղատնտեսությունը զարգացնելու, ցանքատարծություններն ավելացնելու ուղղությամբ, իսկ սահմանային շրջաններում ջուրը գյուղացուն պետք է անվճար տրվի: Վ. Սաֆարյանի բնորոշմամբ` գյուղացին կարծես «խռովել» է հողից:
«Ցորենի, բուսական յուղի, կենդանական յուղի արատադրությունը պետք է մեծացնենք, հնարավորություններ կան: 400 մլն դոլարի սննդամթերք ենք ներմուծում, բայց դրա գոնե կեսը կարելի է տեղում արտադրել»,- շեշտեց Վ. Սաֆարյանը, հավելելով, որ գնաճը հարկավոր է զսպել նաև մաքսային քաղաքականությամբ, իսկ պետությունը պետք է մթերի առաջին անհրաժեշտության մթերք և կարիքի դեպքում բաց թողնի շուկա:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի խոսքով` գնաճը և պարենային անվտանգությունը տարբեր խնդիրներ են: Օրինակ` տավարի միսը վերջին տարում 2 անգամ ավելացավ, սակայն անասնագլխաքանակը` ոչ. «Խնդիրը չի լուծվում մեկ հարթության մեջ կամ 1-2 գորողություններով: Հարկավոր են համալիր լուծումներ»:
Պատագամավորը գտնում է, որ պետության կողմից գյուղացուն վարկերի տրամադրումը նպատակահարմար չէ, քանի որ պետական միջոցներից հատկացված վարկերը երբեք բյուջե չեն վերադարձել:
«Արտադրոթյան բազան մեծացնելով` պետք է ավելացնենք սպառողական բազան, արտահանման խնդիր պետք է լուծենք»,- հայտարարեց Հ. Հակոբյանը: