01/03/2011 11:08
ԱՄՆ Կոնգրեսում դատապարտեցին Սումգայիթի և Բաքվի կոտորածները
Ի ամփոփումն սումգայիթյան եղեռնագործության 23-րդ տարելիցի հիշատակին նվիրված միջոցառումների շարքի, փետրվարի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի համանախագահների, Վաշինգտոնում ԼՂՀ ներկայացուցչության, Ամերիկայի հայկական համագումարի և Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էր Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, Կոնգրեսի աշխատակազմի աշխատակիցներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, բազմաթիվ ամերիկահայեր և ամերիկացիներ: Միջոցառմանը որպես հիմնական բանախոս ելույթ ունեցավ Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, միջոցառման ընթացքում ցուցադրվեց փաստավավերագրական կինոժապավեն` 1988-ի փետրվարին Սումգայիթում և 1990-ի հունվարին Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային սպանությունների և տեղահանության մասին:
Միջոցառումը բացեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի դեմոկրատ համանախագահ Ֆրենկ Փըլոնը, որ իր ելույթում դատապարտելով Սումգայիթի և Բաքվի կոտորածները, որակեց տեղի ունեցածը որպես Ցեղասպանություն և կոչ արեց շարունակել աջակցությունը Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին այս հարցում: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, իր ելույթում կարևորեց ամերիկյան կոնգրեսականների բարձր հովանու ներքո այս միջոցառման անցկացումը: Դեսպանը ընդգծեց, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների և հայկական առաջատար կազմակերպությունների միասնական ջանքերը լավագույն գրավականն են կանխելու Ադրբեջանի կողմից պատմության փաստերի վերանայման փորձերը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, շեշտեց որ եթե սումգայիթյան ողբերգությունը ժամանակին դատապարտվեր, թերևս չլինեին դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի և այլ հայաբնակ շրջաններում տեղի ունեցած եղեռնագործությունները: Հայ ժողովուրդը հավատում է, որ հանցագործներն իրենց պատիժը կստանան և կդատապարտվեն մարդկության կողմից: Սումգայիթյան ոճրագործությունը իրենց ելութներում դատապարտեցին նաև կոնգրեսականներ Աննա Էշյուն, Էլիոթ Էնգելը, Ջեքի Սփիերը և ուրիշներ:
Միջոցառումն ավարտվեց Վաշինգտոնում Հայ Առաքելական Եկեղեցու արևելյան թեմի ներկայացուցիչ, Ամերիկայի եկեղեցիների ազգային խորհրդի նախագահ Վիգեն Արքեպիսկոպոս Հայկազյանի կողմից հնչեցված աղոթքով: