02/03/2011 16:36
Արթուր Պետրոսյանը հանդիպեց Վլադիմիր Ենգիբարյանի հետ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանն այսօր ընդունել է օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանին:
Հայաստանցի բռնցքամարտիկներից մինչ օրս միայն Վլադիմիր Ենգիբարյանին է հաջողվել օլիմպիական չեմպիոն հռչակվել: Դա հեռավոր 1956 թվականին էր` Մելբուռնում: Կաշվե ձեռնոցի հայ վարպետն իր մարզական կենսագրության ընթացքում նաև Խորհրդային Միության և Եվրոպայի եռակի չեմպիոն է դարձել: 79-ամյա վետերանը 1994 թվականից ի վեր բնակվում է ԱՄՆ-ում և այս օրերին գտնվում է Երևանում:
Ողջունելով լեգենդար մարզիկին` նախարար Արթուր Պետրոսյանն ընդգծեց, որ ողջ հայ ազգը հպարտանում է անվանի մարզիկով և մշտապես հիշում է նրա օլիմպիական հաղթանակը: Իր հերթին` Վլադիմիր Ենգիբարյանը նշեց, որ ուրախ է գտնվել հայրենիքում, հանդիպել մեր երկրի մարզական ղեկավարության հետ: Ծանուցման կարգով նշենք, որ նախօրեին Վլադիմիր Ենգիբարյանը հանդիպել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
Հանդիպման շրջանակներում ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Վլադիմիր Ենգիբարյանը պարգևատրվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով: Նախօրեին օլիմպիական չեմպիոնը պարգևատրվել էր նաև ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգևով` ոսկե շքանշանով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հանդիպման վերջում նախարար Արթուր Պետրոսյանը շեշտեց, որ մեր երկրի մարզաշխարհի ներկայացուցիչները մշտապես ուրախ են հյուրընկալել հայ սպորտի կենդանի լեգենդ Վլադիմիր Ենգիբարյանին: