02/03/2011 09:30
Է.Նալբանդյան. «Թուրքիան ասում է մի բան, անում է մեկ այլ բան»
«Որոշ մարդիկ, ներառյալ Եվրոպայում, վստահություն չունեն թուրքական կողմի նկատմամբ: Նրանք կարծում են, որ Թուրքիան ասում է մի բան, անում է մեկ այլ բան», - «Der Standard» ավստրիական օրաթերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը նշել է, որ թուրքական կողմի հետ բանակցային գործընթացը բազում խոչընդոտներով լի երկար և բարդ գործընթաց էր:
«Նախարարական մակարդակով տեղի են ունեցել ավելի քան տասը հանդիպումներ: Օրինակ Դավոսում Թուրքիայի՝ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանի հետ վարել ենք 35 ժամ տևողությամբ բանակցություններ: Մենք վերջապես եկանք համաձայնությանևՑյուրիխում 2009թ. հոկտեմբերին Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչների ներկայությամբ ստորագրեցինք արձանագրությունները: Ստորագրելուն պես Թուրքիան դրանց վավերացման համար առաջ քաշեց նախապայմաններ», - հիշեցրել է ՀՀ ԱԳ նախարարը:
Հարցին, թե ի՞նչ կատարվեց թուրքական կողմի հետ` Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է, որ այդ մասին պետք է հարցնել հենց նրանց:
«Հնարավոր է՝ ոչինչ էլ չի պատահել: Ամեն դեպքում, հնարավոր է՝ նրանք, ովքեր ասում էին, որ դուք չեք կարող վստահել Թուրքիային, լրացուցիչ փաստարկ են ստանում», - նշել է ԱԳ նախարարը և, անդրադառնալով Թուրքիայում սպասվող ընտրություններին, հավելել. «Թուրքերը հակված են մտածելու, որ միայն Թուրքիայում կարող են լինել ընտրություններ, հանրային կարծիք: Եվ մենք ավելի շատ պատճառներ ունենք նախապայմանների մասին խոսելու համար»:
«Der Standard»-ի հարցին, թե ինչքանո՞վ է Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական գործընկերն ու էներգիայի աղբյուրը, վնաս հասցրել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին` նախարար Նալբանդյանը պատասխանել է, որ աշխարհի բոլոր երկրները, բացի մեկից` Ադրբեջանից, աջակցում էին այս գործընթացին:
«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը իրավացի է: Հարաբերությունների կարգավորումը կարող էր օգտակար լինել ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Իսկ Ադրբեջանն այս տարածաշրջանի մաս է կազմում», - ասել է Է.Նալբանդյանը:
Ինչ վերաբերում է ցյուրիխյան արձանագրությունների վերակենդանացման հնարավորությունը, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ գոյություն ունի միայն մեկ ուղի, և ոչ թե մի քանի:
«Մենք ստորագրել ենք արձանագրությունները և մենք պետք է դրանք վավերացնենք և իրականացնենք առանց որևէ նախապայմանների` համաձայն pacta sunt servanda սկզբունքի», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:
Իսկ թե հնարավոր կլինի՞ արդյոք դա այն բանից հետո, երբ հունիսին Թուրքիայում կայանան խորհրդարանական ընտրությունները հարցին, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո կլինեն ուրիշ ընտրություններ:
«Եթե պատճառ ես փնտրում վավերացումը հետաձգելու համար, ապա միշտ կարող ես այն գտնել: Կարծում եմ՝ այսօր թուրքական հասարակությունը մի կողմից ավելի շատ է տրամադրված աջակցելու կարգավորմանը, իսկ մյուս կողմից, ավելի ըմբռնող է անցյալի նկատմամբ: Բանակցությունների մեկնարկն ու արձանագրությունների ստորագրումը նոր պատուհաններ բացեցին: Անցյալ տարի առաջին անգամ մարդիկ ապրիլի 24-ին հավաքվել էին թուրքական քաղաքներում Հայոց ցեղասպանության օրը հիշատակելու համար: Ավելի քան 30.000 թուրք քաղաքացիներ ստորագրեցին մի խնդրագիր, որով ներողություն էին խնդրում հայ ժողովրդից», - հշել է Հայաստանի արտգործնախարարը: