04/03/2011 12:54
Կարծիք. Սոչիում փորձ կարվի Ալիևից պարտավորություն ստանալ
Հայկական և ռուսական կողմերը ձգտում են Ադրբեջանից երաշխիքներ ստանալ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ: Սոչիում մարտի 5-ին կայանալիք Սարգսյան - Ալիև - Մեդվեդև հանդիպման վերաբերյալ նամն տեսակետ հայտնեց այսօր ասուլիսի ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ բանախոսի` այսօր դժվար է կանխատեսել, թե ինչ հաջողություններ կունենան կողմերը:
«Հայկական և ռուսական կողմերը փորձում են Ալիևից ստանալ գրավոր կամ բանավոր որևէ հայտարարություն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար Ադրբեջանը երբեք զինված մեթոդների չի դիմելու: Սակայն այսօր չկա որևէ պատճառ կարծելու, թե Ալիևը կհամաձայնվի այդ առաջարկի հետ», -ասաց բանախոսը:
Aysor.am-ի թղթակցի խնդրանքով պարզաբանելով, թե կարո՞ղ է այդ նոր հայտարարությունը փոխարինել Մայնդորֆյան հռչակագիրը, Իսկանդարյանը նշեց, որ այսօր հայկական և ռուսաստանյան կողմերը փորձում են վերահաստատել 3 տարի առաջ ստորագրված այս համաձայնագիրը:
«Փորձ է արվելու ստանալ որևէ հայտարարություն: Մայնդորֆի փաստաթուղթը ստորագրվել է 2008 թվականին, իսկ հիմա արդեն 2011թվական է: Հռչակագրին հետևելու պարտավորությունը պետք է վերահաստատվի, մանավանդ որ այն շարունակում է կարևոր փաստաթուղթ մնալ», - նշեց բանախոսը:
Ալ.Իսկանդարյանի կարծիքով` նոր երաշխիքներ ստանալով` Ռուսաստանը փորձում է պահպանել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ձևաչափը այն ժամանակ, երբ Ալիևը դիմադրում է դրան: Քաղաքագետը նաև չբացառեց, որ Ալիևը կարող է դիմել նույն դեմարշի, ինչ 2010 թվականում տեղի ունեցած Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո: