04/03/2011 17:05
Երեկվա ընթացքում հակառակորդը 31 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
«Մարտի 3-ին հակառակորդը հերթական անգամ խախտեց հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում ԼՂՀ ՊԲ զինծառայողը թեթև հրազենային վնասվածք է ստացել: Երեկվա ընթացքում հակառակորդը տարբեր ուղղություններով 31 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը և միայն ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից պատասխան կրակ բացելուց հետո հակառակորդը լռել է»,- անդրադառնալով ադրբեջանցիների կողմից արձակված գնդակից հայ զինծառայողի վիրավորվելու փաստին՝ Aysor-ին հայտնեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ նախապես ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը տեղեկացրել էր, որ մարտի 3-ին ժամը 11:10-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից թեթև հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Հովհաննես Աշոտի Ավդալյանը: