05/03/2011 10:55
Լիբիան պահանջում է ՄԱԿ-ից դադարեցնել պատժամիջոցները
Լիբիան դիմել է ՄԱԿ-ին, որպեսզի Կադաֆիի և 4 բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ սահմանված պատժամիջոցները դադարեցվեն:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված Լիբիայի արտգործնախարարության նամակի մեջ ասվում է, որ ուժ է կիրառվել ոչ թե անզեն ցուցարարների, այլ միայն նրանց հանդեպ, ովքեր ցանկանում էին անիշխանություն տարածել երկրում:
Նամակում նաև կոչ է արվում ՄԱԿ-ին պատասխանել այն երկների կոչերին, որոնք սպառնում են Լիբիայի հանդեպ ուժ գործադրել:
Միևնույն ժամանակ ապստամբները Լիբիայում դաժան մարտեր են մղում Կադաֆիի կողմնակիցների դեմ: Ասպտամբների ձեռքերում գտնվող Զավիա քաղաք են ներխուժել կառավարական ուժերը: Երկու կողմն էլ հայտարարում են, որ վերահսկում են քաղաքը:
Այնտեղից, ինչպես նաև այլ կարևոր նշանակության քաղաքներից ծանր կորուստների լուրեր են ստացվում: Տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել ապստամբների ենթակայության տակ գտնվող Բենգազի քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով:
BBC-ի հաղորդմամբ, նվազագույնը 17 մարդ է սպանվել: