07/03/2011 10:44
ԱՄՆ պաշտպանության նախարարը անսպասելիորեն ժամանել է Աֆղանստան
ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան: Լենտա ռու-ն, հղում անելով Ռոյթերսին, տեղեկացնում է, որ սպասվում է հանդիպում Գեյթսի և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի միջև:
Ինչպես հաղորդում է Ֆրանս-պրես գործակալությունը, Գեյթս-Քարզայ հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև լարված հարաբերությունների ֆոնին:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի ավիահարձակման հետևանքով Քունար նահանգում 9 երեխա էր սպանվել:
Գեյթսի այցի նախօրեին Քարզայը հայտարարել էր, որ բավական չի համարում ամերիկացիների հրապարակային ներողութունը` խաղաղ բնակիչների մահվան համար: Քարզայի խոսքով, հատկապես ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի կողմից խաղաղ բնակիչների մահվան դեպքերն են ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև հարաբերությունների վատթարացման պատճառ դառնում:
Աֆղանստանի նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, փետրվարի 18-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում երկրում սպանվել է 74 խաղաղ բնակիչ, այդ թվում 40 երեխա: