07/03/2011 12:56
Բակո Սահակյանը Փարիզում ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը երկրի ղեկավարը այցելել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճար և մասնակցել այնտեղ անցկացված հոգևոր արարողությանը, որից հետո Բակո Սահակյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, ինչպես նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման և հայրենքի հետ կապերի ամրապնդման գործում:
Հանդիպումից հետո երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին:
Նույն օրը Նախագահը հանդիպում է ունեցել նաև «Սատար Ղարաբաղի» միության վարչական անդամների հետ և քննարկել կազմակերպության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահը Արցախի շենացման գործում սփյուռքահայ տարբեր կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը համարել է կարևոր և պահանջված նաև ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից:
Հանդիպումներին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք: