09/03/2011 14:59
Հայաստանում մի փոքր դանդաղ է տեղի ունենում վերականգնումը
Հայաստանի տնտեսությունը շարունակում է վերականգնվել 2009 թ. ունեցած ծանր հետընթացից հետո, երբ արտադրությունը նախորդ տարվա համեմատությամբ նվազեց 14.2 %-ով: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնտեսական ամփոփագրի համաձայն` անցած տարի գրանցված 2.6 % աճից հետո ակնկալվում է, որ երկրի տնտեսության աճը 2011 թ. կլինի 4.5 %:
Ինչպես այսօր ՎԶԵԲ-ի Անցումային շրջանի զեկույցի ներկայացման ժամանակ նշեց բանկի գլխավոր մասնագետ Էրիկ Բերգլոֆը, վերականգնումը մեծապես հիմնված է դրամական փոխանցումների ներհոսքի վերականգնման, մեծածավալ պաշտոնական ֆինանսավորման և պղնձի գնի վերականգնման վրա:
«Տարածաշրջանի համեմատ Հայաստանում մի փոքր դանդաղ է տեղի ունենում վերականգնումը: Մենք շատ անհանգստացած ենք, մտահոգիչ է բարեփոխումների ընթացքը»,- ասաց Է. Բերգլոֆը:
Ըստ նրա` անհրաժեշտ է քաղաքական քայլեր ձեռնարկել` իրականացնելու և խորացնելու այն բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան երկրին ունենալ ավելի աշխույժ, բայց և ավելի կայուն աճ: Բերգլոֆի խոսքով, Հայաստանի հարկային և մաքսային ռեժիմում բարեփոխումները պարտադիր են` բարելավելու համար գործարար միջավայրի թափանցիկությունը` պատասխանատվության և օրենքի գերակայության ամրապնդման միջոցով:
ՎԶԵԲ-ի գնահատմամբ` Հայաստանում դեռևս զգալի անցումային մարտահրավերներ կան երկրի ենթակառուցվածքների, ֆինանսական և էներգետիկ ոլորտների զարգացման համար, հարկ է նաև շարունակել զարգացնել տեղական կապիտալի շուկաները` խրախուսելով տեղական արժույթով վարկավորումը:
Զեկույցի համաձայն` նաև պետք է բարելավել ժողովրդավարության ամրապնդմանն ու օրենքի գերակայության կիրառմանն ուղղված քայլերը, չափազանց շատ են բյուրոկրատական քաշքշուկները, կոռուպցիան, վատ հարկային վարչարարությունը և հմուտ աշխատոււժի բացակայությունը դեռևս խոչընդոտում են բիզնեսների ընդլայնմանը: