09/03/2011 11:28
Ադրբեջանի վրա ՄԽ եռանախագահների կողմից ճնշում է գործադրվել
Մարտի 5-ին Սոչիում Ալիև-Մեդվեդև-Սարգսյան եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը Մայնդորֆի հռչակագրի շարունակությունն էր: Նման տեսակետ հայտնեց այսօր ասուլիսի ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Հայկական և ռուսական կողմերը փորձում էին Ալիևից ստանալ գրավոր կամ բանավոր որևէ հայտարարություն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար Ադրբեջանը երբեք զինված մեթոդների չի դիմելու», - ասաց նա` հավելելով, որ Սոչիի հանդիպման արդյունքները որոշակի անակնկալ էին իր համար:
Ըստ բանախոսի` այն փաստը, որ եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցան հանդիպումներ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հնարավորություն է տալիս կարծելու, թե Ադրբեջանի վրա ՄԽ բոլոր եռանախագահների կողմից ճնշում է գործադրվել:
«Համենայն դեպս, կարելի է ասել, որ հանդիպումը և դրա արդյունքը համաձայնեցված էր Ֆրանսիայի և ԱՄՆ հետ», - հավելեց Ալ.Իսկանդարյանը:
Քաղաքագետի կարծիքով` այսօր կարևոր է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացվեն: Նա չի բացառում, որ Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը կշարունակվի: