09/03/2011 15:34
ՊՆ խոսնակ. Ադրբեջանի էժանագին քայլերը ամոթալի են
«ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հանդես է եկել այդ տեղեկատվության հերքմամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան փորձել փրկել սեփական երկրի դեմքը, որն ակնհայտորեն վտանգվել էր մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած նախագահների հանդիպման նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինվորի սպանությունից հետո»,- մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուի հայտարարությունը՝ նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն մեղադրել էր հայկական կողմին բանակցային գործընթացը խոչընդոտելու ու Սոչիի հանդիպումից հետո սադրանքի դիմելու մեջ:
«Ադրբեջանական ապատեղեկատվության գրագիրները պետք է հասկանան, որ նման էժան քայլերը ոչ միայն համոզիչ չեն միջազգային հանրության համար, այլև ամոթալի են, քանի որ այս դեպքում շահարկվում է անչափահաս երեխայի կյանքը կամ հորինվում է ողբերգական զոհի չհաջողված կերպար»,- նշել է ՊՆ խոսնակը:
Հարկ է նշել, որ Հայաստանն ու Արցախը բազմիցս արտահայտել են հայ-ադրբեջանական շփման գծում դիպուկահարների գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության հորդորներին իրենց համաձայնությունը, այնինչ Ադրբեջանը շարունակում է դիպուկահարների միջոցով սադրանքներ իրականացնելու գործելակերպը: