09/03/2011 12:39
Բակո Սահակյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ և հանդիպել նրա մի խումբ անդամների հետ:
Բակո Սահակյանը կարևորել է Ֆրանսիայի դերակատարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման գործում՝ միաժամանակ ընդգծելով Արցախի շահագրգռվածությունը Ֆրանսիայի, մասնավորապես, նրա օրենսդիր թևի հետ համագործակցության մեջ:
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ներկա վիճակը և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:
Երկուստեք նշվել է նման հանդիպումների կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Հանդիպմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք: