09/03/2011 17:33
Նախագահ. Հայաստանը պատրաստ է կնքելու համընդհանուր համաձայնագիր
Մենք հավատարիմ ենք հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով խաղաղ կարգավորելու հանձնառությանը: Ռիգայում Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը հայտնեց, որ լատվիացի գործընկերոջ հետ քննարկել է նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր և այդ համատեքստում վերստին վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման` հայկական կողմի դիրքորոշումը:
Ի պատասխան լատիշ լրագրողների հարցին, թե հայկական կողմն ի՞նչ է անում իրավիճակի հետագա լարում թույլ չտալու համար, ՀՀ Նախագահը նշեց. «Հայաստանը հայտարարել և հայտարարում է, որ պատրաստ է փոխզիջումների հիման վրա ԼՂ խնդրի խաղաղ լուծմանը: Դրանով զբաղվում է Մինսկի խումբը: Համանախագահ երկրները, տևական ժամանակ է` երկու կողմերի հետ փորձում են գտնել լավագույն լուծումներ»:
Տեղեկացնելով, որ միջնորդները դեռևս 2007 թվականից առաջարկել են լուծում` հիմնված երեք սկզբունքների վրա` ժողովուրդների ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի և դրա սպառնալիքի չկիրառում, Նախագահ Սարգսյանն ասաց. «Հայաստանը պատրաստ է դրանցով առաջ շարժվելու ու կնքելու համընդհանուր համաձայնագիր»: