09/03/2011 10:35
Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Ռումինիա
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Բուխարեստում (Ռումինիա) մարտի 9-10-ը կայանալիք հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստին:
Ինչպես հայտնում է տրանսպորտի և կապի նախարարի խոսնակը, նիստի օրակարգում ընդգրկված են տրանսպորտի, առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության, ինչպես նաև տուրիզմի, մշակույթի, կրթության ու գիտության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր:
Միջկառավարական նիստին զուգահեռ մարտի 11-ին Բուխարեստում կկազմակերպվի կլոր սեղան` երկու կողմերի առևտրատնտեսական հաստատությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում կներկայացվեն երկկողմ ներդրումային հնարավորությունները և հեռանկարները:
Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմը նախագահում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, իսկ ռումինական կողմը` Ռումինիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառույցների նախարար տիկին Անկա Բոաջիուն:
Հայ-ռումինական հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է 2006թ.-ի հոկտեմբերին` Երևանում: