09/03/2011 11:57
Վաշինգտոնում նշվել է Խաչիկ Դաշտենցի 100-ամյակը
Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում մարտի 4-ին տեղի ունեցավ հուշ-երեկո` նվիրված գրող, թարգմանիչ և բանաստեղծ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 100-ամյակին: Ինչպես այսօր հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, բացման խոսքով ելույթ ունեցավ դեսպան Մարգարյանը: Իր խոսքում նա հակիրճ անդրադարձ կատարեց հայ մեծանուն գրողի կերպարին և նրա թողած ստեղծագործական ժառանգությանը:
Այնուհետև ցուցադրվեց տեսաերիզ` նվիրված Խաչիկ Դաշտենցի կյանքին և գործունեությանը: Ասմունքով հանդես եկավ այս առիթով Հայաստանից ժամանած ՀՀ ժողովրդական դերասան Ազատ Գասպարյանը:
Նա ընթերցեց հատվածներ հայ մեծ գրողի ստեղծագործություններից: Հուշ-երեկոյի ավարտին իր հոր մասին հուշեր պատմեց գրողի դուստրը` Անահիտ Դաշտենցը: Նա իր շնորհակալական խոսքն ուղղեց հուշ-երեկոյի բոլոր կազմակերպիչներին և ներկաներին: