10/03/2011 10:26
Հայաստանը ողջունում է ԵԱՀԿ ՄԽ նախաձեռնությունը
ՀՀ արտգործնախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը Panorama.am լրատվական կայքի խնդրանքով մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը` անհապաղ դիտարկում անցկացնել ադրբեջանա-ղարաբաղյան շփման գոծում՝ կապված վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի հետ:
«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս նախաձեռնությունը:
Հայաստանը և Ղարաբաղը բազմիցս դրական են արձագանքել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահների կոչերին՝ շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ, ինչը թույլ կտա խուսափել նմանատիպ միջադեպերից և բարենպաստ մթնոլորտ ստեղծել հիմնախնդրի կարգավորման գործընթացում», - ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ասել է Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) հայտարարություն են տարածել, որում մտահոգություն են հայտնել մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից առաջ և հետո հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ:
Ըստ հայտարարության, համանախագահները խնդրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին կողմերի հետ միասին անհապաղ հետաքննություն կազմակերպել, ինչպես ասված էր մարտի 5-ին եռակողմ հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարության մեջ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կժամանեն տարածաշրջան, որտեղ նրանք կոչ կանեն կողմերին համագործակցել հետաքննություն իրականացնելու հարցում: Համանախագահները խստորեն դատապարտում են մարդկային կորուստները և կոչ անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, հարգել 1994-ին կնքված հրադադարի մասին պայմանագիրը և իրականացնել 2010-ին Աստրախանում և մարտի 5-ին Սոչիում ստանձնած պարտավորությունները», -ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ: