11/03/2011 13:16
Միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստը` Երևանում
Մարտի 10-ին Բուխարեստում /Ռումինիա/ տեղի է ունեցել Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստը:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է հանձնաժողովի համանախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՀՀ ֆինանսների, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակույթի, արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները, Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի արդյունաբերողների և արտադրողների միության ղեկավարները: Ռումինական կողմից հանձնաժողովը ղեկավարել է Ռումինիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Անկա Դանիելա Բոաջիուն:
Նիստին նախորդել է երկու նախարարների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն իր ելույթում նշել է, որ թեև Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության զարգացման համար ստեղծված է լիարժեք իրավապայմանագրային դաշտ, երկկողմ համաձայնագրեր են ստորագրված հնարավոր համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում, սակայն թե տնտեսական, թե գիտակրթական ու մշակութային բնագավառներում երկու երկրների միջև առկա համագործակցությունը չի համապատասխանում իրական հնարավորություններին և այս առումով դեռևս բավականին անելիքներ կան:
Դրական համարելով երկու երկրների միջև վերջին տարիների առևտրաշրջանառության որոշակի աճը` նախարարը նշել է, որ այնուամենայնիվ առևտրաշրջանառության ծավալները բավականին փոքր են իրական հնարավորություններից:
Մ. Վարդանյանը համոզմունք է հայտնել, որ առևտրաշրջանառության ցուցանիշների կտրուկ բարձրացման և համագործակցության ամրապնդման համար անհրաժեշտ է հաճախ կազմակերպել համատեղ հանդիպումներ, ինչպես նաև փոխադարձ գործարար համաժողովներ և ցուցահանդեսներ: «Այսօր մեր հիմնական նպատակն է առավելագույնս բացահայտել մեր երկրների տնտեսական հնարավորությունները»,- ասել է նախարարը:
Նիստի ընթացքում առաջարկվել է այս տարի Երևանում և Բուխարեստում կազմակերպել գործարար ֆորումներ, ինչպես նաև տեղական արտադրանքների տարեկան մասնագիտացված ցուցահանդեսներ: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսական ոլորտին, որտեղ առկա են համագործակցության զգալի հնարավորություններ: Մասնավորապես խոսքը վերաբերում է բնագավառին առնչվող տեղեկությունների ու փորձի փոխանակմանը, գյուղմթերքների վերամշակման համատեղ ձեռնարկությունների հիմնադրմանը, գյուղատնտեսական գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության հաստատմանը, մասնագետների վերապատրաստմանը և կատարելագործմանը, գյուղատնտեսական տոնավաճառներին մասնակցությանը և այլն: Նախարարն առանձնացրել է նաև համագործակցության մի քանի այլ ուղղություններ` ոսկերչություն և ադամանդագործություն, առողջապահության բնագավառը, մասնավորապես սրտանոթային և ատամնաբուժական ոլորտը, զբոսաշրջություն և այլն:
Նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկկողմ համագործակցությունը և շարունակել փոխադարձ աջակցությունը տրանսպորտի բնագավառի միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում, մասնավորապես ՍԾՏՀԿ-ում /Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն/, ՏՐԱՍԵԿԱ-ի Միջկառավարական հանձնաժողովում և Միջազգային տրանսպորտային ֆորումում:
Միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի ավարտին կողմերը ստորագրել են համատեղ արձանագրություն, որտեղ ամփոփվել են հանդիպման արդյունքները և մատնանշվել համագործակցության ամրապնդման հետագա քայլերը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` պայմանավորվածություն ձեռք բերվել հաջորդ` 4-րդ նիստն անցկացնել 2012թ.-ին` Երևանում: