11/03/2011 10:58
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Պետրոս Թերզյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 10-ին Փարիզում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի և նույն կառույցի անդամ Ռոբերտ Հայդադիրյանի հետ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում հիմնադրամի խողովակներով իրականացվող տարբեր ծրագրերին վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել Շուշի քաղաքում արհեստագործական ուսումնարանի կառուցման հետ կապված հարցերին:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին` Արցախին մշտապես սատարելու համար և ընդգծել ուսումնարանի նշանակությունը ինչպես Շուշիի, այնպես էլ ողջ հանրապետության համար որակյալ մասնագետների պատրաստման տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: